Մայա Պողոսյանը՝ բիզնեսը կիսատ թողնելու, իր հավաքածուն չթողարկելու պատճառի ու նոր փնտրտուքների մասին. ՖՈՏՈ

148

Մայա Պողոսյանը նախորդ տարի հայտարարեց իր հավաքածուն թողարկելու մասին և ոգևորությամբ աշխատանք էր իրականացնում նորաձևության ոլորտում, սակայն տևական ժամանակ է՝ դադարեցրել է գործունեությունն այս ոլորտում: Պարզվում է՝ անցնող շրջանը հեշտ չէր Մայայի համար: Tert.am Life-ը նրա հետ զրուցել է նորաձևության ոլորտում գործունեությունն ավարտին չհասցնելու և այժմ նոր փնտրտուքների մեջ լինելու մասին:

Մայան շեշտեց, որ նորաձևության ոլորտում իր աշխատանքը սկսելիս գիտակցում էր բարդությունը, սակայն ոլորտի զարգացմանը նպաստելու ցանկությունը շատ ավելի մեծ էր:

«Ես միշտ եղել եմ նորաձևության մեջ, սակայն ինքս չեմ զբաղվել դրանով: Ոգևորությունս բավականին մեծ էր, քանի որ չեմ բավարարվում նրանով, ինչին հասել եմ և նոր հետաքրքրություններ եմ գտնում, նոր ոլորտներ ուսումնասիրում: Ինձ համար այդպիսի փորձ էր նորաձևություն մտնելը, սակայն իմ մուտքն այս ոլորտ համընկավ երկրում եղած փոփոխությունների հետ: Ես բավականին մեծ մասշտաբներով պետք է սկսեի, սակայն կանգ առա: Բեկումնային ժամանակահատվածն իր ազդեցությունն ունեցավ ոլորտի վրա: Ես գնահատական չեմ տալիս՝ լավ կամ վատ, սակայն դա կտրուկ անցում էր հայկական նորաձևության մեջ»,- պատմեց Մայան:

Նրա խոսքով՝ նախկինում ոլորտը զարգացման միտում ուներ՝ նոր դիզայներներ էին ի հայտ գալիս, մեկը մյուսի հետևից խանութներ էին բացվում, մարդիկ ձգտում էին հայկական ապրանքանիշներից օգտվել, հիմա՝ ոչ:

«Չգիտեմ՝ ինչի հետ է կապված, սակայն հիմա այդ ամենն արագ քայլերով հետ է գնում: Միգուցե շատ երազանքներով էինք տրամադրված նորաձրությունը Հայաստանում զարգացնելուն: Խոսքս բոլորիս մասին է, ովքեր քայլեր էին անում այդ ուղղությամբ: Մենք, երևի, երազանքներով էինք ապրում, քանի որ չունենք ինդուստրիա, կտորի արտադրության ոլորտը շատ փոքր է Հայաստանում և բավարար չէ, որպես այդպիսին, fashion ինդուստրիա ձևավորելու համար: Նորաձևությունը միայն դիզայներական աշխատանք չէ,- ասաց նա ու հավելեց, որ հայկական արտադրության հագուստ կրելն ինչ-որ պահի շարժման պես էր դարձել, սակայն հիմա նույն ոգևորությունը չկա,- փորձում էինք հավատալ, որ հայրենական արտադրանքից օգտվելու հայրենասիրական գործոնը կաշխատի, որպեսզի հայկական արտադրությունը լինի պահանջված: Հասկանալի է՝ տեղականը մի քիչ ավելի թանկ է, որակը փոքր-ինչ զիջում է, սակայն պետք զարգացնել այն: Ինքս, որպես սպառող, օգտվում էի հայկական արտադրությունից՝ հասկանալով, որ գինը որակի համեմատ ավելի թանկ է»:

Հարցին՝ արդյոք ինքն էլ, հաճախ լինելով արտերկրում, չի օգտվում արտերկրում գործող խանութներից, նա արձագանքեց, որ այո, հիմնականում իր զգեստապահարանը համալրում է արտերկիր այցերի ժամանակ․ «Ինքնաբերաբար է այդպես ստացվում: Հայաստանում ժամանակ չեմ ունենում շոփինգ անելու համար: Երբ արտերկրում եմ, 1-2 օր տրամադրում եմ շոփինգին: Այստեղ ոչ այդքան խանութ կա, ոչ էլ ժամանակ՝ 2 օր շոփինգի տրամադրելու համար: Քանի որ գիտեմ, որ շատ եմ մասնակցում միջոցառումների, տարբեր զգեստներ եմ գնում, որպեսզի  խնայեմ ժամանակս: Անհատական պատվերների սիրահար չեմ, քանի որ հագուստ փորձելու պրոցեսը չեմ սիրում, այդ իսկ պատճառով ատելյեներից էլ հաճախ չեմ օգտվում»:

Մայան վստահ է՝ ամեն տարիքում  նորաձև է հագնվելու, միայն թե աշխատանքի առումով ուզում է անցնել այլ հարթության: Նա շեշտեց, որ այժմ նոր փնտրտուքների մեջ է, բացի այդ, ամուսնու հետ նոր ծրագրեր ունեն: «Էլ հոլդինգի» շրջանակում մեծ աշխատանք են սկսել:

«Ինձ ընկալում են որպես նորաձև մարդու, ավելի տիկնիկային կերպարի, որը մեծ ուշադրութուն է դարձնում ոճին: Նորաձևության հանդեպ մեծ սերս կա, բայց ես տեսակով շատ ավելի լուրջ, խորը, հասուն մտածելակերպով մարդ եմ, քան կարող է թվալ: Հիմա դա ավելի խորն է արտահայտվում, ավելի հասուն եմ նայում ամեն ինչին: Այժմ ակտիվ որոնումների մեջ եմ: Առաջին հերթին ինքս եմ ուզում հասկանալ, թե ինչով եմ ուզում զբաղվել»,- ասաց նա ու հավելեց, որ նորաձևությանը հետևել շարունակելու է անկախ հետաքրքրության նոր ոլորտից:

Աղբյուր