Երկու հայուհիները հայտնվել են Forbes-ի ամենահարուստ կանանց ցանկում

202

Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ այն կանանց ամենամյա վարկանիշային ցանկը, որոնք ինքնուրույն են ստեղծել իրենց կարողությունը:

42-րդ հորիզոնականում Քերոլին Ռաֆայելյանն է՝ 520 մլն դոլար ունեցվածքով: Նա իր կարողությանը հասել է զարդերի սեփական բրենդի՝ Alex and Ani-ի շնորհիվ, որն անվանել է երեխաների պատվին: Բրենդը հիմնվել է 2004 թվականին:

Քերոլինը հայ գաղթյալների թոռնուհի է: Նրա հայրը Ամերիկայի դրոշի տեսքով նշաններ ու բիժուտերիա էր պատրաստում Փրովիդենսի գործարանում, որտեղ էլ այսօր սեփական զարդերն է թողարկում Քերոլինը: Գործարարուհին նաև միջոցներ է ներդնում անշարժ գույքի և այլ տարատեսակ նախագծերում:

57-րդ հորիզոնականում է Քիմ Քարդաշյանը, ում կարողությունը կազմում է 370 մլն դոլար: Քարդաշյանը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես հայտնիությունը եթերում և համացանցում կարող է վերափոխվել հաջողակ բիզնեսի: Եկամտի մեծ մասը նա ստանում է երկու տարի առաջ հիմնած KKW Beauty կոսմետիկ բրենդից: Քիմ Քարդաշյանն արդեն սկսել է իրավագիտություն ուսանել և պատրաստվում է շարունակել հոր ուղին:

Ցանկի առաջին հորիզոնականում Դիանա Հենդրիքսն է, ով ղեկավարում է ABC Supply-ը՝ տանիքածածկման նյութեր արտադրող խոշորագույն ընկերությունը: Նրա կարողությունը կազմում է 7 մլրդ դոլար: Դիանան իր բիզնեսը հիմնել է հանգուցյալ ամուսնու հետ միասին:

Վերջինիս հաջորդում է Մեգ Ուիթմանը՝ 3,7 մլրդ դոլար կարողությամբ: մեգը 1998-2008 թթ. eBay-ի գործադիր տնօրենն էր: Երրորդ հորիզոնականում Մարիան Իլիչն է, ով 1959 թ. ամուսնու հետ հիմնել է Little Caesars Pizza-ն՝ ներկայումս խոշորությամբ երրորդ պիցցերիան ԱՄՆ-ում:

Աղբյուր՝ Blognews.am